Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանի բարձրարվեստ գործերը կարող եք տեսնել Վարպետի անունը կրող տուն-թանգարանում: Հանրահայտ նկարչի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում՝ հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստն իրականության սոսկ արտացոլումը չէ. այն պահանջում է նաև երևակայության ազատություն: Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է դեռևս մեծատաղանդ նկարչի կենդանության օրոք: Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունում ամփոփված են նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծած աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում՝ ժամանակագրական կարգով: Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական և հայաստանյան շրջանների գեղանկարները, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքները: Տուն-թանգարանում կարելի է տեսնել Սարյանի 1904 -1907 թթ. ստեղծած ‹‹Հեքիաթներ և երազներ›› շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները՝ ‹‹Ջրհորի մոտ. Շոգ օր››, ‹‹Ինքնադիմանկար››, ‹‹Քայլող կինը››, ինչպես նաև Վարպետի ստեղծած վերջին կտավը՝ ‹‹Հեքիաթ›› գեղանկարը: