Բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի-  Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։

Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։

Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։

Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են ԿովկասիՂրիմիՍիբիրիԱրևելյան Ասիայի(ՉինաստանՃապոնիաԿորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։

Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Ֆոլքսվագենի հիմնադրամի գերմանա-հայկական ծրագրի օգնությամբ: Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ:

http://www.botany.sci.am/

Հասցե: Աճառյան փող. 1

Հեռախոս: +374 (010) 62-17-81

Աշխատանքային օրեր: Ամեն օր

Աշխատանքային ժամեր: 09:00-21:00