Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Սպասում ենք Ձեզ Հին Երևանի շենքերից մեկում` հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Եկեք կոմպոզիտորի տուն, ուր կարող եք հայտնվել նրա ժամանակում, նրա միջավայրում… Սպենդիարյանի կախարդական երաժշտության հնչյունները շքամուտքից Ձեզ կուղեկցեն նրա բնակարան, որտեղ ցուցադրվող մասունքները պատմում են մեծ արվեստագետի կյանքի բովանդակալից ուղու մասին: Թանգարանում ցուցադրվում են կոմպոզիտորի անձնական իրերը, նամականին, փաստաթղթեր ու ձեռագրեր: Այստեղ կարող եք ունկնդրել Սպենդիարյանի ստեղծագործությունները, հնչեցնել «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը, դառնալ «Ալմաստ» օպերայի հերոսներ: Հենց այստեղ, օգտագործելով ինտերակտիվ միջոցներ, կարող եք դառնալ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և վայելել կոմպոզիտորի ստեղծագործությունները: