Արամ Խաչատրյանի թանգարան

Խաչատրյանը 20-րդ դարի նշանավոր հայ կոմպոզիտորն է, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը: Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի կողքին նրա անունը մշտապես նշվել է որպես խորհրդային ժամանակաշրջանի երեք մեծագույն կոմպոզիտորներից մեկը, իսկ 1957 թվականին Time ամսագիրը մեծանուն կոմպոզիտորներին անվանեց «Խորհրդային Միության երեք ժամանակակից հսկաներ»: Աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է Արամ Խաչատրյանի ‹‹Գայանե›› բալետից ‹‹Սուսերով պարը››, որն էլ մեծ հռչակ է բերել կոմպոզիտորին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է մեծանուն կոմպոզիտորի առանձնատան հիման վրա, ուր Հայաստան այցելելիս հանգրվանել է ‹‹Սպարտակ›› և ‹‹Գայանե›› բալետների աշխարհահռչակ հեղինակը, աշխատել այստեղ, հյուրեր ընդունել: Գոյության ընթացքում թանգարանում հավաքվել են ավելի քան 18.000 արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ: Հուշատանը և 10 ցուցասրահներում ներկայացված բազմազան և բազմաբովանդակ ցուցանմուշները այցելուներին ծանոթացնում են Ա.Խաչատրյանի` հետաքրքիր իրադարձություններով լի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը, ով իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտական գանձարանում: Ցուցասրահներում բացատրությունն ուղեկցվում է երաժշտությամբ: Այցելուները թանգարանում կարող են նաև դիտել ֆիլմեր Ա.Խաչատրյանի մասին և նրա բալետների բեմադրությունների տեսագրություններ: Թանգարանն ունի նաև հարուստ ձայնադարան, որտեղ պահվում են ոչ միայն Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները, այլ նաև համաշխարհային դասական և ժամանակակից երաժշտության շուրջ 2500 սկավառակ, որոնք, ի դեպ, տեղում կարելի է նաև ունկնդրել աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:

http://www.khachaturian.am/

Հասցե: Զարոբյան 3

Հեռախոս: +374 10 589418

Աշխատանքային օրեր:Ամեն օր բացի Կիրակիից

Աշխատանքային ժամեր: 11:00-16:30

Շաբաթ: 11:00-16:00

Մշտական ցուցադրության բացատրություն
հայերեն` 2000դր.
ռուսերեն,անգլերեն և ֆրանսերեն` 2500դր.

Բաց դռների օրեր
23 հունվարի` թանգարանի բացման օրը
18 մայիսի` թանգարանի միջազգային օրը
6 հունիսի` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը
սեպտեմբերին` եվրոպական ժառանգության օրերին: