Երվանդ Քոչարի թանգարան

Նկարիչ - արձանագործ Երվանդ Քոչարի /1899 - 1979/ ստեղծագործական ժառանգությունը XX դարի Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը Տարածական նկարչության /«Peinture dans l'espace»/ հիմնադիրն է. պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից «որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»: Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետներիª Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936 թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն, անտարակույս, ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան «ձնհալը»... Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Մելանխոլիան» /1959թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» /1959թ./ և այլ մեծարժեք ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի տեղում: Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, DVD-ներ: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «Տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր: Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է: ​