Հայաստանի պատմության թանգարան

5 Հետաքրքիր տեղեկություն Հայաստանի պատմության թանգարանի վերաբերյալ Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում Աշխարհի ամենահին կոշիկը, որը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում: Հնադարյան կոշիկն ունի 5637-5387 տարվա հնություն։ Թանգարանում կարող եք տեսնել Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը՝ մ.թ.ա. 782թ.: Այստեղ կարող եք տեսնել շուրջ ինը դար առաջ ստեղծված Մուշի Սուրբ Առաքելոց վանքի յուրօրինակ հարթաքանդակներով փայտյա դուռը: Հայաստանի պատմության թանգարանում է պահպանվում շուրջ 400.000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու: Ինչ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանում ներկայացված են հավաքածուներ, որոնք ցուցադրվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները: Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր:

https://historymuseum.am/

Հասցե: Հանրապետության Հրապարակ 4

Հեռախոս: +374 10 520691

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 11:00-18:00

Ստանդարտ:2000 դրամ

Թոշակառու:1000 դրամ

Ուսանող: 500 դրամ

Աշակերտ: 300 դրամ