Մատենադարան

4 Հետաքրքիր տեղեկություն Մատենադարանի վերաբերյալ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում: Այն գտնվում է Երևանում և Ձեզ է ներկայացնում հնագույն և բացառիկ ձեռագրիր հավաքածուներ: Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկը: Մատենադարանի թանգարանային համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որոնցում ներկայացված են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի՝ շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են և′ ամբողջական ձեռագրեր, և′ ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ, ինչպես նաև օտարալեզու ձեռագրեր: Այնտեղ է գտնվում ամենափոքր գիրքը՝ Տոնացույցը՝ ստեղծված 1434 թթ., կշիռը՝ 19 գ, ինչպես նաև ամենամեծը՝ Մշո ճառընտիրը՝ ստեղծված 1200-1202 թթ., կշիռը՝ 27,5 կգ: Մատենադարանում պահվող ձեռագրերի ամենահին պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերին, իսկ ամենահին պատկերազարդումներն ու մանրանկարչությունը Էջմիածնի Ավետարանում են, որը թվագրվում է 6-րդ դարին: Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թվականին թվագրվող Լազարյան ավետարանն է: Ինչ կարող եք տեսնել Մատենադարանում Ցուցադրությունն ընդհանուր գաղափար է տալիս դարերի ընթացքում հայ միջնադարյան գիտության բոլոր բնագավառների, դպրության և արվեստների զարգացման մասին: Այն ներկայացնում է հայոց մշակույթը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից (405 թ.) մինչև XVIII դար: Ներկայացված են հին հայերեն թարգմանություններ, միջնադարյան գիտության և արվեստի բոլոր բնագավառներին վերաբերող աշխատություններ, նվիրատվություններ, ինչպես նաև միջնադարյան հայկական մանրանկարչության և կազմերի նմուշներ: Արևելյան ձեռագրերի սրահում այցելուները ծանոթանում են պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերի հետ, որոնց քանակը Մատենադարանում անցնում է 3.000-ից: Դրանք կրոնական, պատմագրական, փիլիսոփայական, բժշկական, խրատական աշխատություններ են, միջնադարյան սիրավեպեր և պոեմներ, ինչպես նաև արևելյան մանրանկարչության և գեղագրության հրաշալի նմուշներ: Մատենադարանը հին ձեռագրերի, փաստաթղթերի ոչ միայն պահպանման, այլ նաև ուսումնասիրման գիտական ու հետազոտական խոշոր կենտրոն է:

http://www.matenadaran.am/

Հասցե: Մաշտոցի պողոտա 53

Հեռախոս: +374 10 562578

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի Երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 10:00-17:00

ԳՆԱՑՈՒՑԱԿ

  • դպրոցական խմբերի այցի դեպքում տոմսի արժեքն է 100 դրամ
  • ուսանողական խմբերի այցի դեպքում տոմսի արժեքն է 200 դրամ (ուսանողական տոմսերով)
  • մեծահասակների տոմսի արժեքն է 1000 դրամ
  • նախադպրոցական երեխաների և թոշակառուների մուտքը անվճար է

Բացատրությունները տրվում են 7 լեզուներով  (հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն)։ 

  • դպրոցական և ուսանողական խմբերի համար բացատրությունները անվճար են
  • հայերեն լեզվով, մինչև 30 հոգիանոց բոլոր խմբերի համար - 2500 դրամ
  • այլ լեզուներով, մինչև 10 հոգիանոց խմբերի համար - 2500 դրամ
  • մինչև 30 հոգիանոց խմբերի համար - 5000 դրամ

Նկարահանումների համար տոմսը արժե 2500 դրամ (ֆոտոլուսարձակներով լուսանկարելը խստիվ արգելվում է):