
Փարաջանովի թանգարան
Համաշխարհային փառք նվաճած ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր,
սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող
թանգարաններից մեկն է, որտեղ ներկայացված է նրա գրական ու գեղարվեստական՝ բազմազան
ու բազմաշերտ ժառանգությունը: Փարաջանովի արվեստը սնվել է հայկական և եվրոպական ավանդույթներով:
Հեղինակի ինքնատիպ արձագանքը կյանքի իրադարձություններին, նրա աշխարհընկալումը արտահայտված
են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների,
կինոֆիլմերի էսքիզների միջոցով: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունն աչքի է ընկնում
բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի
հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի բազմազանությունը: Թանգարանի
հավաքածուն կազմում է շուրջ 1600 ցուցանմուշ, որի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն
են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության
օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Թանգարանի
ֆոնդերում պահպանվում է ռեժիսորի նամականին՝ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն,
Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում
ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել
են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական
սկզբունքները: Թանգարանի նպատակն է հնարավորինս ամբողջական դարձնել թանգարանային հավաքածուն
և առավել ընկալելի մատուցել այն հասարակության լայն շրջանակներին: Գոյության 17 տարիների
ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում` Կաննում, Սալոնիկում,
Մոսկվայում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում և այլուր: Էքսկուրսիաներն
անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:
Հասցե: Ձորագյուղ 15-16
Հեռախոս: +374 10 538473
Աշխատանքային օրեր: Ամեն օր
Աշխատանքային ժամեր: 10:30-17:00
Մուտքի
տոմս` 1000 դրամ
Մուտքի
տոմս դպրոցականների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 200 դրամ
Մուտքի
տոմս ուսանողների և թոշակառուների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 300
դրամ
Ամեն
ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է:
Էքսկուրսիայի
տոմսի գինը
հայերեն լեզվով` 2000 դրամ
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն`
2500 դրամ