Էրեբունի

Այստեղից է սկսվում Երևանը, դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 (11.295) հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Եզակի ցուցանմուշ է նաև մ.թ.ա. 685-645 թ.թ. կառուցված ուրարտական քաղաքը, որի ռազմական գործողությունների, մշակույթի ու կենցաղի մասին ընդարձակ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները: Արգելոց-թանգարանը տարածաշրջանում ուրարտագիտական կենտրոն է. ոչ միայն ցուցադրման տեսանկյունից, այլ նաև ուսումնասիրությունների համար բացառիկ արժեք են ներկայացնում նախաուրարտական քարակերտ ու կավակերտ կուռքերը, հելլենիստական շրջանի դամբարանները, երկաթե, բրոնզե զենքերը, դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, ինչպես նաև մ.թ.ա. III հազ. սկզբներին գոյություն ունեցած և ողջ Մերձավոր Արևելքում եզակի համարվող վաղերկրագործական բնակավայրի կառուցողական մանրամասներն ու նյութական արժեքները, որոնք վկայում են ուրարտական թագավորությունում բարձր վարպետության հասած արհեստների, արվեստների և գյուղատնտեսության մասին: Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում (Մեծ Բրիտանիա) և հանրահայտ այլ մշակութային օջախներում: Արգելոց-թանգարանի ցուցանմուշներն ու ամրոցի պատմությունն այցելուներին ներկայացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և լեհերեն լեզուներով:

 http://www.erebuni.am

Հասցե: Էրեբունի 38

Հեռախոս: +374 10 432661

Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի Երկուշաբթիից

Աշխատանքային ժամեր: 10:00-16:30

Մուտքի և բացատրության արժեքը թանգարան (ներառյալ այցելությունը հնավայր)

Մեծահասակների համար    1000 դրամ

Դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար       300 դրամ

Բացատրություն (հայերենով)          2000 դրամ

Բացատրություն (օտար լեզվով)      2500 դրամ

           

բ. Մուտքի  արժեքը հնավայր

Մեծահասակների համար (ՀՀ քաղաքացիներ)      500 դրամ

Դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար       200 դրամ

Արտասահմանցի զբոսաշրջիկների համար           1000 դրամ

           

գ. Անվճար մուտք

1. Դպրոցականների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար     Յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը

2. ՀՀ քաղաքացիների  համար (բացառությամբ սույն կետի 1 ենթակետում նշվածների)            Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը

3. Թանգարանային աշխատողների, պաշտոնական պատվիրակությունների, մշակութային ժառանգության բնագավառում մասնագիտացող ուսանողների, ժառանգության բնագավառի միջազգային կազմակերպությունների անդամների, զինծառայողների, լրագրողների, նախադպրոցական տարիքի երեխաների (մեծերի ուղեկցությամբ) համար         Բոլոր աշխատանքային օրերին

 

դ. Այլ պայմաններ  

Թանգարանի ցուցասրահում սիրողական լուսանկարման և տեսագրման թույլտվության համար      1000 դրամ  

 

ե. Թանգարանի ցուցասրահում արգելվում է

Մասնագիտական լուսանկարումը և տեսագրումը` լուսային սարքերի և լուսանկարչական ամրակալի օգնությամբ