Կոմիտասի թանգարան

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Հիմնվելով արևմտաեվրոպական երաժշտության զարգացման փորձի ու հայ կոմպոզիտորական դպրոցի ձեռքբերումների վրա և հետազոտելով հայ ավանդական երաժշտության առանձնահատկությունները` նա ստեղծեց կոմպոզիտորական ուրույն ոճ, որը համաշխարհային երաժշտության պատմության մասշտաբով ինքնատիպ է և չկրկնվող:Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է հայկական ժողովրդական ու հոգևոր երգերի մշակումներ և ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ (հեղինակային) գործեր: Մշակումները նույնպես ընդունված է համարել ստեղծագործություններ` նկատի ունենալով կոմպոզիտորական ինքնատիպ մոտեցումը: Հայ երգահան, երգիչ, վարդապետ, էթնոլոգ, երաժշտագետ և դասատու Կոմիտասի թանգարանի շնորհիվ նրա բացառիկ ժառանգությունն այժմ կարող է առավել խորությամբ և համակարգված ուսումնասիրության ենթարկվել, ապա նաև լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում։ Վարդապետի մասունքներն ի մի բերած թանգարանը ստեղծվել է 2015 թվականին և միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը, վերագնահատմանը և հանրահռչակմանը։ Անգնահատելի է Կոմիտասի դերը հայկական ժողովրդական երգերի վերարտադրման, մշակման ու պահպանման գործում: Երաժշտական բանահյուսության հնագույն և բարձրարվեստ շատ ու շատ նմուշների հայտնաբերման համար այսօր հայ ժողովուրդը պարտական է Կոմիտաս-գիտնականին: Հավաքագրելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը՝ Կոմիտասը փրկեց նաև Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը, հակառակ դեպքում, կկորչեր հայոց ցեղասպանության արդյունքում այնպես, ինչպես 1915 թ.-ի մեծ կոտորածներին զոհ դարձավ ինքը՝ մեծ երաժիշտն ու ազգասերը: Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր ստեղծագործունությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրությունում. այստեղ են անձնական իրերը, վկայականները, Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին նրա կողմից արված նոտագրության դրվագները, անվանի արվեստագետների կողմից Կոմիտաս-երաժշտին նվիրված տարատեսակ ուսումնասիրությունները, հրատարակված գրքերը, բազում ստեղծագործությունները, նկարները, քանդակներն ու ֆիլմերը:Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը:  Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը: Ցուցադրության հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուն պարբերաբար համալրվում է նոր նմուշներով` աշխարհի տարբեր անկյուններից: Առաջին նվիրատվությունը եղել է թանգարանի բացման օրը  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից : Նա  թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտասի գրչակալը՝ թանաքամանով, որը կոմպոզիտորն ստացել է Բաքվում՝ 1908 թ.-ին, իր համերգից հետո։ Գրչակալի վրա փորագրված է. «Հայ ժողովրդական երգերին ոգի տուող խօսուն երաժշտագետ հայր Կոմիտաս վարդապետին` նրա գեղարուեստական տաղանդը յարգողներից: 1 ապրիլի, Բագու, 1908 թ.»:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտահետազոտական ինստիտուտը նպատակ ունի համակարգված հետազոտելու Կոմիտասի կյանքը և գործունեությունը: Ստեղծվում է թվային բազա, որն ընդգրկում է Կոմիտասին և հայ երաժշտությանն առնչվող նյութեր: Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների հետազոտությունն` ըստ Կոմիտասի գիտական մոտեցումների:

Հասցե: Արշակունյաց 28
Հեռախոս: +374 11 570570
Աշխատանքային օրեր: Ամեն օր բացի Չորեքշաբթիից
Աշխատանքային ժամեր: 10:00-16:30

Տոմսի արժեքը

Մեծահասակներ` 1000 ՀՀ դրամ

Դպրոցականներ և թոշակառուներ` 300 ՀՀ դրամ

Էքսկուրսիայի արժեքը

Հայերեն` 2000 ՀՀ դրամ

Օտար լեզուներով` 4000 ՀՀ դրամ

Լսողական ուղեցույց` 2000 ՀՀ դրամ

 

Անվճար այցելություն

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը 
(ՀՀ քաղաքացիներ)