Կոմիտասի թանգարան

Հայ երգահան, երգիչ, վարդապետ, էթնոլոգ, երաժշտագետ և դասատու Կոմիտասի թանգարանի շնորհիվ նրա բացառիկ ժառանգությունն այժմ կարող է առավել խորությամբ և համակարգված ուսումնասիրության ենթարկվել, ապա նաև լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում։ Վարդապետի մասունքներն ի մի բերած թանգարանը ստեղծվել է 2015 թվականին և միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը, վերագնահատմանը և հանրահռչակմանը։ Անգնահատելի է Կոմիտասի դերը հայկական ժողովրդական երգերի վերարտադրման, մշակման ու պահպանման գործում: Երաժշտական բանահյուսության հնագույն և բարձրարվեստ շատ ու շատ նմուշների հայտնաբերման համար այսօր հայ ժողովուրդը պարտական է Կոմիտաս-գիտնականին: Հավաքագրելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը՝ Կոմիտասը փրկեց նաև Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը, հակառակ դեպքում, կկորչեր հայոց ցեղասպանության արդյունքում այնպես, ինչպես 1915 թ.-ի մեծ կոտորածներին զոհ դարձավ ինքը՝ մեծ երաժիշտն ու ազգասերը: Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր ստեղծագործունությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրությունում. այստեղ են անձնական իրերը, վկայականները, Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին նրա կողմից արված նոտագրության դրվագները, անվանի արվեստագետների կողմից Կոմիտաս-երաժշտին նվիրված տարատեսակ ուսումնասիրությունները, հրատարակված գրքերը, բազում ստեղծագործությունները, նկարները, քանդակներն ու ֆիլմերը: