Իջևան

Իջևան (նախկինում՝ Քարվանսարա), քաղաք ՀայաստանիՏավուշի մարզում, Աղստև գետի ափին, Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Քաղաքի կարգավիճակ ստացել է 1961 թվականին։

Այժմյան քաղաքի տեղում հնում գտնվել են իջևանատներ, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհը։ Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (պարսկերեն բառացի՝ «տաք աղբյուր», որտեղ 1780֊ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատումից հետո վերանվանվել է Իջևան։ Քաղաքի կարգավիճակ ունի 1961թվականից։ Իջևանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների(մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Իջևանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարքնահանգի Կայեն գավառը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականներին՝ Տաշիր-Ձորագետի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքը գտնվում է Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։

Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 °C, հունվարին մոտ 0 °C տարեկան տեղումների քանակությունը 563 մմ։Իջևանը հայտնի է իր գորգագործությամբ։ Այստեղ է գտնվում Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը, որը մեծ համբավ ուներ ողջ խորհրդային միությունում։ Իջևանյան գորգագործության նմուշները այսօր ևս պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Իջևանը հայտնի է նաև իր գինիներով։ Քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը։

Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրո պարկը), Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը և այլն։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային սիմպոզիում, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում։

Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է։ Այն կառուցվել է X-XIII դարերում՝ գտնվում է Աչաջուրգյուղի մոտ՝ Իջևանից 10 կմ հեռավորության վրա։ Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր՝ գ. Ենոքավան 3 կմ)։

Իջևանը հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։